ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ֆարիդա Մամեդովայի «գիտական բացահայտումները»

Ֆարիդա Մամեդովայի  «գիտական բացահայտումները»
29.10.2013 | 11:28

YouTube-ում մի տեսագրություն է հայտնվել Ադրբեջանի ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովայի «գիտական բացահայտումների» մասին։ Առողջ բանականություն ունեցող և շատ թե քիչ պատմություն իմացող մարդու համար զավեշտ է, բարբաջանք, բանդագուշանք և ամոթ, որ այդպիսի պարզունակ, տկարամիտ (սա ասում եմ ոչ նրա անձը վիրավորելու համար) դատողություն ունեցող մարդը հասել է մինչև ակադեմիայի թղթակից անդամի և պրոֆեսորի գիտաստիճանի և կոչման։ Ես կարծում եմ, ո՛չ, համոզված եմ, որ նրան և նրան այդ կոչումը տված «Ակադեմիան» պարզապես պետք է մեկուսացնել ոչ միայն գիտական աշխարհից, այլև հասարակությունից, քանի որ նրանց տարածած մտքերը կարող են հոգեկան անհավասարակշռության հասցնել իրենց իսկ հասարակությանը։ Արցախյան պատերազմում պարտվելուց հետո այդ ժողովուրդը խախտվել է. սեփական պարտությո՞ւնը, թե՞ թշնամու հաղթանակը նրան հանգիստ չեն տալիս։ Ըստ էության, մենք երբեք թուրքերի թշնամին չենք եղել, որովհետև չենք կոտորել, չենք բռնացել, նրանց աղջիկներին չենք առևանգել, նրանց չենք թալանել, մի խոսքով չենք արել այն բարբարոսությունները, որ նրանք են արել մեր հանդեպ։ Ինչ էլ արել ենք, արել ենք ինքնապաշտպանությունից դրդված։ Ահա թե ինչու, զարմանալի է, որ, ի դեմս հայերի, նրանք պետականորեն «կերտում են» հայի՝ որպես իրենց ոխերիմ թշնամու կերպարը ոչ միայն պատերազմի դաշտում, այլև քաղաքական և պատմական ասպարեզում։ Մինչդեռ մենք գիտական և տնտեսագիտական աշխատություններով, ինչպիսիք են Խաչատուր Դադայանի գրքերը՝ թարգմանված թուրքերեն և այլ լեզուներով, պիտի ամեն օր ու ամեն ժամ հեղեղենք և՛ համացանցը, և՛ գրախանութներն ու դեսպանատները, ինչպես իրենք են անում, որ իմանան, թե իրենք որտեղ էին և ինչով էին զբաղվում, երբ հայերը կառուցում և շենացնում էին Բաքուն և այդ աշխարհագրական տարածքի քաղաքներն ու գյուղերը, երբ հայերը Բաքվի նավթն էին արդյունահանում, որի քաղաքական պտուղներն այսօր վայելում են իրենք՝ նավթարդյունաբերության հետ ոչ մի կապ չունեցող թուրքերը։ Ես կարծում եմ՝ ժամանակն է, և նույնիսկ ուշացել ենք, որ Բաքվում և այդ հանրապետության տարածքում մասնավոր սեփականություն ունեցած հայերի ժառանգները սեփականության իրավունքի հարց բարձրացնեն Եվրամիության դատարաններում։ Ա՛յ, դրանից հետո թող թուրքերը փորձեն «լեզու գտնել» հայերի հետ։ Ադրբեջանի հասարակությունը 1918 թ. պետություն ստանալու օրից իր համար պատմություն է հորինում՝ համեմված բարձր մշակույթով։ Եվ բնական է, որ ոչ միայն շարքային թուրք-ադրբեջանցին, այլև շատ թե քիչ կրթվածը հավատում է այդ հեքիաթին։
Այո՛, պատմությունը մի բան է, պատմագրությունը` մեկ այլ բան։ Իհարկե, պատմություն ունեցողը կարող է պատմագրություն ունենալ, որից էլ բխող՝ պատմագիտություն։ Բայց եթե մի ժողովուրդ որոշել է ունենալ պատմագրություն և պատմագիտություն, ապա գոնե պիտի պատմություն ունենա. ամեն բարբարոսություն դեռևս պատմություն չէ։ Ֆարիդա Մամեդովայի «պատմագիտական» բովանդակությամբ հարցազրույցը լուրջ մարտահրավեր է սեփական ժողովրդի առաջ։ Իմ մտահոգությունն այդ ժողովրդի հոգևոր և մտավոր առողջությունը չէ, թեև քեզ հարևանացած ժողովուրդն էլ պիտի լինի խելացի ու ազնիվ, որ հանգիստ ու խաղաղ ապրես։
Իմ այս հոդվածով ես փորձում եմ ինչ-որ ձևով պատասխանել մեր գիտնականների փոխարեն և նրանց՝ մեր գիտնականներին, սթափության կոչ անել, որ նրանք դուրս գան «գիտություն գիտության համար» ոչ մի տեղ չտանող բավիղներից և իրենց գիտելիքներով պաշտպանեն մեր պատմությունն ու մշակույթը հայրենիք, պատմություն և մշակույթ չունեցող ցեղերի հափշտակություններից։
ԴՈՒՌԴ ՓԱ՛Կ ՊԱՀԻՐ
Ժողովրդական առածն ասում է. «Դուռդ փա՛կ պահիր, որ հարևանդ քո տան մեջ գողություն չանի»։ Մեր տան դուռը, այս էլ քանի դար, բաց է կրնկի վրա, և անարժան հարևաններն ու պատմության դառը հեգնանքով մեզ հարևան դարձած ու «հազիվ դարձած մարդասպան», այսինքն՝ «քաղաքակրթված» այդ ցեղերը, ազատ ելումուտ են արել ու շարունակում են, մտնում են մեր ամբարները, և որը՝ թաքուն, որը՝ աշկարա, տանում են մեր նյութական ու հոգևոր գանձերը և իրենց համար պատմական և մշակութային «կենսագրություն» են հավաքում։ Մենք էլ, կարծես լիացած մեր ստեղծածից, անփութորեն ձեռքը թափ ենք տալիս՝ ասելով, թե ո՛վ կարող է մեր ստեղծածը մեզնից խլել, աշխարհն էլ գիտի մեր պատմությունը, թող ինչքան ուզում են կեղծ պատմություն գրեն, ո՞վ պիտի հավատա։
Հայի միամտություն։ Ժողովուրդն ասում է. «Ով սուտ ասի ու շուտ ասի, նրան կհավատան»։ Եվ շարունակաբար նրանք սուտ են ասում ու շուտ են ասում։ Իսկ մենք երբեմն-երբեմն զայրույթով, բայց հաճախ քմծիծաղով ասում ենք՝ նրանց արածը գիտական արժեք չունի, և դրանով հարցը փակում ենք, մինչդեռ դա ազգային անվտանգության ու մեր պատմական և էթնիկ ինքնության պաշտպանության խնդիր է։ Հիշենք տխրահռչակ Զիա Բունիաթովին, որը՝ որպես պատմագիտության թեկնածու, թե դոկտոր, կարևոր չէ, Հայաստանում է պաշտպանել ատենախոսությունը։ Զիա Բունիաթովը հենց այն տարիներին էլ ոտնձգություններ է արել հայոց պատմության դեմ, և մեր պատմաբան գիտնականները հանդուրժել են դա։ Իսկ 90-ական թվականներին այդ վայ-գիտնականը, թե ինչքան ջուր պղտորեց քաղաքական և «գիտական» շրջանակներում, լավ հայտնի է։ Ի դեպ, դաշտային արցախցիներն ինձ պատմել են, որ մինչև Հայրենական պատերազմը հարևան ադրբեջանական գյուղերում՝ ղշլաղներում, թուրքերն ապրել են վրաններում՝ յուրտերում։ Պատերազմից հետո հայ վարպետները նրանց համար տներ են կառուցել ու դրանով իրենց ընտանիքները պահել։ Այսօր «Եվրատեսիլը» Բաքվում անցկացնելու համար միլիոններ ծախսող երկրի ժողովրդին ո՞վ կարող է հավատացնել, որ ինքը մի քանի տասնյակ տարի առաջ իր տունը շալակած ման է եկել։ Հիմա ադրբեջանցի կոչվածներն արևի տակ իրենց ապրելն ու տեղ զբաղեցնելն ինչ-որ կերպ «իմաստավորելու» համար անցել են ոչ թե թաքուն գողության, այլ ակնհայտորեն ձեռքից խլելու անպատկառության։ Ոմն Ֆարիդա Մամեդովա, որն իրեն գրաբարի և ընդհանրապես, հայոց լեզվի ու պատմության գիտակ է հորջորջում, Արևելյան Հայաստանի այս մի հատվածը Ադրբեջանին պատկանելը «ապացուցված» համարելով, հիմա էլ անցել է Կիլիկյան հայկական թագավորությանը. ըստ նրա «պատմագիտական հայտնագործությունների»՝ կիլիկյան թագավորները եղել են Աղվանքից, այսինքն՝ Ադրբեջանից գնացած իշխաններ, որոնց մենք՝ հայերս, մեզ ենք վերագրում, և ընդհանրապես այդ շեղաչք «գիտնականի» բնորոշմամբ՝ հայերենը պարսկերենի «վիժվածքն է»։
Ահա, այսպես. մեր ականավոր լեզվաբանները գրում էին, ոչ թե ապացուցում, որովհետև այն անապացուցելի է, թե իբր հայերենը պարսկերենից փոխառել է մոտ 2000 արմատ (այսօր շատ լեզվաբաններ դա վիճարկում են)։ Այս պարագայում հայերենն ինքնուրույն լեզու, այն էլ՝ առանձին ճյուղ չէր կարող լինել, այլ կունենար բարբառին հատուկ դրսևորում։ Բայց ամենահիմնական փաստարկն այն է, որ հայերենն ու պարսկերենը նույն՝ պայմանականորեն՝ հետեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղեր են, և դա ապացուցվել է դեռևս 19-րդ դարում։ Կա ևս մեկ հանգամանք. լեզուներն իրարից փոխառում են ոչ թե արմատ, այլ բառ, որը հետո փոխառած լեզուն բառակազմության ժամանակ գործածում է որպես արմատ. օր.՝ կինո-կինոարվեստ-կինոդերասան և այլն։ Մեկ ընդհանուր մայր լեզվից բաժանված լեզուները կրողն են եղել մայր լեզվի ընդհանուր բառամթերքի. այն այդ ընտանիքի բոլոր լեզուների համար համընդհանուր է։ Զավակներից յուրաքանչյուրը, երբ էլ ծնված լինի՝ առաջնեկն է, թե վերջինը, խոսել է սովորում հարազատ և նույն մորից։ Ադրբեջանի ԳԱ թղթակից անդամ Ֆարիդա Մամեդովան, բնական է՝ այդ տարրական բաներն իմանալը կարևոր չի համարում։ Նրանը «դարակազմիկ հայտնագործություններ» անելն է։ Օրինակ՝ Մուխտար Գոշը (հազար ներողություն Մխիթար Գոշի հոգու և հիշատակի առաջ) եղել է աղվան, այսինքն՝ ադրբեջանցի իրավագետ։ Այդ վայ-ակադեմիկոսը Մխիթարը Մուխտար է դարձրել, իսկ գոնե գիտի՞, թե ինչ է նշանակում Գոշ։ Հավատացած եմ՝ չգիտի։ Կամ Կիրակոս Գյանջելին՝ հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ևս եղել է աղվան-ադրբեջանցի պատմիչ։
Այո՛, Ֆարիդա Մամեդովայի խոսքն ամենաիսկական բարբաջանք է, հոգեբուժարանում իրեն Նապոլեոն համարող հիվանդի խոսք է հիշեցնում, մանավանդ որ խոսելիս նա հաճախ մոռանում էր ասելիքը, կարծես անգիր սովորած լիներ և տեղ-տեղ մոռանում էր։ Դե բավականին տարիք ունի՝ երևի յոթանասունին մոտ։ Բայց «մատենադարան» բառը «աղվաներենից» ճիշտ թարգմանեց՝ մատյան՝ գիրք, և դարան՝ պահոց։ Բայց այս բարբաջանքը շքեղ ու հաստափոր գրքերով ներկայացնում է ոչ այլ ոք, եթե ոչ գիտական բարձր կոչումներով ու տիտղոսներով գիտնականը՝ ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր պրոֆեսորը։ Չունե՞նք մենք Հայաստանում և առհասարակ աշխարհում պատմաբան և լեզվաբան դոկտոր պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, որ հավասար մակարդակով ոչ միայն գիտական պատասխան տան մամեդովաներին, այլև քաղաքական և իրավական պատասխանատվության կանչեն՝ նախ որպես համաշխարհային, ապա մեկ առանձին վերցրած ժողովրդի պատմագիտությունն արհամարհելու, պատմությունը կեղծելու և յուրացնելու համար։ Գիտնականի բարեխղճությունից զուրկ այդ կինը, եթե մի փոքր պատմություն իմանար և գոնե իր պապ ու տատի պատմածները չմոռանար, նման զառանցանք դուրս չէր տա։ Բայց նա հարուստ պատվիրատուի պատվերն է կատարում և կարծես վատ չի կատարում, քանի որ նրան ոչ ոք չի կասեցնում։
Ահա այսպես, պարոնա՛յք հայ պատմաբաններ, դուք մինչև հիմա հիմնվում եք օտարների՝ քաղաքական նկրտումներ հետապնդող «գիտական» վարկածների վրա, որ հայ ժողովուրդը եկվոր է, իսկ ռոնալդսյունիներն ու ռիչարդհովհաննիսյաններն էլ «գիտականորեն» ապացուցում են հայերի՝ տարբեր ցեղերից առաջացած մի խառնուրդ ազգ լինելը, իսկ ՈՒրարտուն էլ նախահայկական պետություն է եղել, ասել է՝ ոչ հայկական։ Վերջերս բրիտանական թանգարանում թուրքերն Արևմտյան Հայաստանն իր տարածքով և նյութական ու հոգևոր արժեքներով ներկայացրել են որպես հնագույն Թուրքիա և հնագույն թուրքական մշակույթ։ Պատկերացնո՞ւմ եք, անգամ ծույլ վրացիները չեն ծուլանում և մեր պատմական Տայքում (այժմ՝ Թուրքիա), Լոռիում և Վրաստանի քաղաքներում հայկական եկեղեցիներն իրենցը համարելու համար ջանք չեն խնայում։ Ադրբեջանցի թուրքերն էլ, ողջ ՀՀ-ի տարածքից զատ, հիմա էլ Կիլիկյան հայկական թագավորությունն են յուրացնում։ Մինչև ե՞րբ պետք է լռեն մեր գիտնականները ու համապատասխան նախարարությունները։ Եթե չես կարող առաջ գնալ, ոչ մի քայլ մի՛ նահանջիր, քանի որ հակառակորդդ քո ամեն քայլի դիմաց երկուսն առաջ կգա։ Մինչդեռ մենք ասպարեզներ ենք նահանջել և շարունակում ենք։
Մեր տիտղոսավոր լեզվաբան ու պատմաբան գիտնականները ժամանակ չունե՞ն գոնե հոդվածներով և համացանցով պատասխանելու ֆարիդամամեդովաներին կամ չե՞ն կարող մեկընդմիշտ և հիմնավոր հիշեցնել պատմություն և մշակույթ մուրացող ու թալանող այդ ցեղերին իրենց «պատմությունը»՝ լի ավերումներով, բռնություններով, սպանություններով և թալանով։ 20-րդ դարի սկզբին ռուսները քաղաքական անհեռատեսությամբ «հայրենիք» նվիրեցին կովկասյան թաթարներին՝ ընծայելով նաև ազգային նոր անուն՝ ադրբեջանցի։ Իսկ եվրոպացիները թուրք-սելջուկներին բարեհաճ թույլտվությամբ «արտոնեցին» հիմնավորվելու հայերի ու հույների հայրենիքում։ Նպատակը բարբարոս թուրքերի արշավանքներից ազատվելն էր։
Ի՞նչ են անում մեր պատմաբան-լեզվաբան-մասնագետ գիտնականները. գիտաժողով և գիտխորհուրդ են կազմակերպում և դիմորդների հետ պարապո՞ւմ։ Մեր գիտնական-պատմաբաններին և առավելապես ԳԱԱ-ին չի՞ անհանգստացնում այն իրողությունը, որ հայ ժողովրդի պատմությունը դուրս է մղված համաշխարհային հնագույն, հին և միջնադարյան պատմագրությունից։ Կան Բաբելոնը, Ասորեստանը, Շումերն ու խեթերը, Եգիպտոսը, Հին Հունաստանը, Պարսկաստանը, Պոնտոսը և այլ հնագույն ազգեր, միջին դարերում՝ արաբները, թաթար-մոնղոլները, թուրք-սելջուկները, անգամ մամլուքները, որոնց արշավանքներից կործանվեց Կիլիկյան հայկական թագավորությունը, խաչակիրները և այլն, բայց չկան հայերը, ոչ մի տող՝ համաշխարհային պատմագրության մեջ հայերի մասին։ Կիլիկիայի հայ թագավորները բանակցել են խաչակիրների, թաթար-մոնղոլների, թուրք-սելջուկների հետ, բայց համաշխարհային պատմագրությունը լռում է։ Պոնտոսի և նրա թագավոր Միհրդատի մասին ֆիլմ է նկարահանվել և չի հիշատակվում Տիգրան Մեծը, ա՛յն արքայից արքան, ով բարոյական դաս տվեց հռոմեացիներին և աշխարհին, բայց դա չհասկացվեց. Տիգրան Մեծն իր տանն ապաստանած Միհրդատ Պոնտացուն Լուկուլլոսի պահանջով չհանձնեց նրան՝ ասելով. թե Միհրդատն իր հյուրն է։ Ի պատասխան՝ Լուկուլլուսը ուխտադրժորեն հարձակվում է Տիգրանակերտի վրա՝ օգտվելով Տիգրան Մեծի բացակայությունից, իսկ քաղաքում եղած հույները դավաճանորեն բացում են դարպասները։ Սա պատմությո՞ւն է, թե՞ ոչ։ Համաշխարհային պատմագրությունը լռում է այդ փաստերի մասին։ Ի՞նչ է սա. պատմության չիմացությո՞ւն, թե՞ դիտավորություն։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը, ավելի հավանականը դիտավորությունն է։
Այո՛, մեր գիտական ասպարեզում պաշտպան ու պահապան գիտնականներ գրեթե չունենք. ես նկատի չունեմ նրանց գիտական կարողությունները. փա՜ռք Աստծո, Արարիչը մեզ այս ասպարեզում էլ չի նեղացրել, ավելին, մեր գիտնականներն անաչառ են ու ազնիվ գիտության հանդեպ և երբեմն պարանը չափից ավելի են ձգում. եթե պատմության կշեռքի նժարը որևէ հայ մի փոքր մեր կողմն է թեքում, ապա առաջինը հայ գիտնականներն են քարկոծում հայ գիտնականին։
Մարդկությունն իր գոյության սկզբից, ցավոք, առավելապես կեղծիքով է առաջ տանում իր գործերը։ Հին աշխարհի թագավորները տանուլ տրված ճակատամարտն ապագա սերունդների համար արձանագրում էին որպես փառահեղ հաղթանակ, իսկ իրական հաղթանակը՝ որպես տիեզերական իրադարձություն։ Ես կոչ չեմ անում պատմությունը կեղծելու և ուրիշ ազգերի «մշակույթը» գողանալու։ Փա՛ռք Աստծո, ավելի քան բավարար և՛ պատմություն, և՛ մշակույթ ունենք։ Պարզապես մենք բարոյական, իրավական և պատմական պատասխանատվություն ունենք մեր անցյալի ու ապագայի պատմության ու սերունդների առջև։ Մենք իրավունք չունենք մեր նախնիների ստեղծածն այսպես անփութորեն անտարբերության մատնելու, և ապագա սերունդներին զրկելու պատմություն ու մշակույթ ունենալու ժառանգական իրավունքից։ Մեր գիտնականները կրթություն և գիտական բարձր կոչումներ են ստացել, ինչպես Հրանտ Մաթևոսյանը կասեր՝ մեր պետությունը բժշկին քիչ է վճարել, բանվորին քիչ է վճարել, ուսուցչին քիչ է վճարել, հովվին քիչ է վճարել, որ այդ խնայված փողերով մեզ անվճար կրթություն տան, որ մենք էլ մեր պարտքը վերադարձնենք մեր ժողովրդին ու հայրենիքին, պաշտպանենք մեր երկրի ու ժողովրդի պատմությունն ու մշակույթը ապագա սերունդների համար։ Տարիներ առաջ (մոտ 25 տարի) թղթակցում էի Հայաստանի ռադիոյի արվեստի ու մշակույթի բաժնին։ Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը հանձնարարել էր ինձ գրել Քարաշամբի հնագիտական պեղումների մասին, որոնք վերաբերում էին մ.թ.ա., եթե հիշողությունս չի դավաճանում, երրորդ հազարամյակին։ Պեղումները ղեկավարում էր Էրեբունի թանգարանի գիտաշխատող, հնագետ Վահան Հովհաննիսյանը (ըստ լուրերի` այժմ Գերմանիայում ՀՀ դեսպան, ՀՅԴ անդամ)։ Զրույցի ժամանակ ես հարցրի նրան, թե նա մշակութային ի՞նչ կապ է տեսնում, այսպես կոչված, ուրարտական և նախաուրարտական շրջանների հայկական արվեստի միջև։ Ընկեր Վահան Հովհաննիսյանը շատ կտրուկ և «գիտական» անաչառությամբ հայտարարեց, որ չի կարելի ցանկալին իրականության տեղ դնել, մոռացե՛ք, ՈՒրարտուն Հայաստան չէ, և ոչ էլ հայկական պետություն է եղել. մշակույթն էլ, բնականաբար, հայկական չէ։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, հայ պատմաբանը՝ Հայաստանում սովորած, այնպիսի «գիտական անաչառությամբ» էր հերքում ՈՒրարտուի հայկական առնչությունները, ինչպես որևէ մեկը փորձեր Չինաստանը Հայաստան համարել։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Հայաստանի աշխարհագրական տարածքի վրա եղել է «երկնքից ընկած» մի պետություն, որի Արարտա կամ Արարատ անվանումը, հաստատապես, կամ սխալ է սեպագրվել, կամ սխալ ընթերցվել։ Մինչդեռ հենց այդ տարիներին և հիմա էլ վրացիները շարունակում են իրենք իրենց ուրարտացիների հետնորդներ համարել զուտ այն «փաստարկով», որ ՈՒրարտու պետության սահմանները հասել են մինչև այսօրվա Վրաստանի սահմանները՝ Ջավախք, Թրեղք, Գուգարք։ Դե, թուրքերի մասին էլ չեմ խոսում։
Ահա, այսպես, և չգիտեմ, թե ում դարձնեմ կոչական նախադասությանս մեջ. երևի բոլորիս՝ մեծից մինչև փոքր՝ ուսանողին, դասախոսին, պրոֆեսորին և ակադեմիկոսին, բանաստեղծին ու նկարչին, երաժշտին ու մարզիկին, նախարարին ու վերջապես նախագահին։ Ո՞վ է մեր երկրին տեր կանգնելու։ Միայն սահմանը պաշտպանելով չէ, որ երկիրը պահում ու պաշտպանում են։ Ազգի մշակույթն ու պատմությունը այն միջնաբերդն են, որի և՛ պատերը պետք է ամուր կառուցվեն, և՛ դարպասը, և՛ դարպասն ու դիտակետերը պաշտպանող զինվորներն էլ պետք է լինեն համարձակ ու աչալուրջ։ Պատմությունը մի անգամ դաժանորեն պատժել է ոչ միայն բյուզանդացիներին, այլև մեծ հաշվով եվրոպական քաղաքակրթությանը՝ միջնաբերդի մի փոքրիկ դռնակ անփութորեն բաց թողնելու համար։ 1453 թ. Պոլսի բերդի պարսպի ճեղքից մի կերպ ներս սողոսկած թուրք ասկյարը հայտնաբերում է այդ դռնակը, թաքուն մտնում է ներս և հայտնվում Կ. Պոլսի հրապարակում։ Աննկատ վերադառնում է նույն ճանապարհով և իր հետ բերում մոտ հարյուր թուրք, մի քանիսը բացում են դարպասը, մյուսները աղմուկ-ժխորով սկսում են սպանել քաղաքացիներին։ Խուճապի ենթարկված հույները փոխանակ դիմադրեին և այդ թուրքերին սպանեին, հանձնվում են։ Եվ սկսվում է քաղաքակրթության ավերում ու մշակույթի յուրացում. մինչև այսօր։
Սա՛ է անփութության հետևանքը, եթե ազգովին կորցնում ենք կորուստն զգալու մեր զգոնությունը...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ. Գ.- Մենք ենք բուծել զիաբունիաթովներին, ֆարիդամամեդովաներին, ռոնալդսյունիներին, և անվանումների այս շարքը դեռ կաճի ու կբազմանա մեր անտարբեր աչքի առաջ, եթե ժամանակին սուր գերանդիով դրանք արմատախիլ չանենք։

Դիտվել է՝ 5775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ